Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               

Թրամփը և Կիմը համաձայնագիր ստորագրեցին, մնաց մնացածը

Թրամփը և Կիմը համաձայնագիր ստորագրեցին, մնաց մնացածը
13.06.2018 | 10:08

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինը Սինգապուրի պատմական սամմիթի արդյունքներով ստորագրեցին հռչակագիր, որի տեքստը ցույց տվեցին լրագրողներին: Հռչակագիրը 4 հիմնական կետ ունի: ԱՄՆ-ը և ԿԺԴՀ-ն պարտավորվել են հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև` երկու պետությունների ժողովուրդների խաղաղության ու բարգավաճման հասնելու ցանկության համապատասխան:

ԱՄՆ-ն ու ԿԺԴՀ-ն համատեղ ջանքեր կգործադրեն, որ Կորեական թերակղզում կայուն ու տևական խաղաղություն հաստատվի: ԿԺԴՀ-ն հաստատում է հավատարմությունը 2018-ի ապրիլի 27-ին ստորագրված Պհանմունջոնի հռչակագրին և Կորեական թերակղզին ամբողջությամբ միջուկային զենքից ազատելուն: ԱՄՆ-ը և ԿԺԴՀ-ն պարտավորվում են վերադարձնել զինծառայողների ու անհայտ կորածների աճյունները` ներառյալ արդեն նույնականացված աճյունները: ԱՄՆ-ը ի պատասխան միջուկային ծրագրից հրաժարվելու Կիմ Չեն Ինի անձնական անվտանգության երաշխիքներ է խոստանում: Նախագահ Թրամփը խոստացել է ԿԺԴՀ-ի անվտանգության երաշխիքներ տալ, իսկ նախագահ Կիմ Չեն Ինը հաստատել է Կորեական թերակղզու ապամիջուկայնացման վճռական ու աներեր որոշումը:

Փաստաթղթում չկան կոնկրետ մանրամասներ` ինչպե՞ս է Հյուսիսային Կորեան ազատվելու միջուկային զենքից: Հայտարարության մեջ հիշատակված չեն ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Չկան նաև Հյուսիսային ու Հարավային Կորեաների միջև խաղաղության համաձայնագրի խոստումներ: 1950-53-ի կորեական պատերազմի մասնակից երկրները, որի ժամանակ զոհվել են միլիոնավոր մարդիկ, պաշտոնապես մինչև հիմա հրադադարի վիճակում են:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սամմիթից հետո հայտարարեց, որ հանդիպումը ծայրահեղ կարևոր էր և բավականաչափ հագեցած: Նա պատրաստվում է Կիմին հրավիրել Սպիտակ տուն: Կիմ Չեն Ինը համատեղ հռչակագրի ստորագրման ժամանակ հայտարարեց, որ Թրամփի հետ հանդիպումը պատմական էր և ուզում է անցյալը անցյալում թողնել: Կիմը շնորհակալություն հայտնեց Թրամփին, որ հանդիպումը կայացավ:
Չինաստանի ԱԳՆ-ն հանդիպման արդյունքներով հայտարարություն տարածեց` հանդիպումն անվանելով նոր պատմություն ստեղծող իրադարձություն: Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ համաձայնության ստորագրումից հետո կարող է քննարկվել Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների թուլացման հարցը:


Կիմ Չեն Ինին հանդիպելուց հետո ԱՄՆ նախագահը մամլո ասուլիս տվեց և պատասխանեց լրագրողների հարցերին: Թրամփի խոսքով` ինքը ժամանակ չի ունեցել խորանալու մանրամասների մեջ ու կազմելու առավել հանգամանալից հռչակագիր: Հենց այդ պատճառով` հռչակագրում չկան մանրամասներ ինչպես է միջուկազերծվելու ԿԺԴՀ-ն: ԱՄՆ նախագահը հաստատեց, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն և անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը կշարունակեն աշխատել ստորագրված համաձայնագրի կոնկրետացման վրա և այդ ժամանակ պարզ կդառնա` որքանով է Կիմ Չեն Ինը հակված խոստումների կատարմանը: Թրամփը հույս ունի, որ Կորեական թերակղզին նույնքան արագ կմիջուկազերծվի, որքան հնարավոր է «գիտականորեն ու տեխնիկապես»: Նա որևէ ժամկետ չնշեց և չվստահեցրեց, որ համաձայնագիրն անպայման կկատարվի, սակայն ասաց, որ իբրև գործարքներ կնքելու մեծ փորձ ունեցող մարդ` զգաց, որ Կիմ Չեն Ինը իրոք ցանկանում է ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքել: Թրամփն ասաց, որ ԱՄՆ-ը պատրաստվում է հրաժարվել «ռազմական խաղերից», այսինքն` համատեղ մասշտաբային զորավարժություններից Հարավային Կորեայի հետ, բայց չի կրճատի զինվորականների թիվը տարածաշրջանում: Պատասխանելով Հյուսիսային Կորեայի բանտերում գտնվող քաղբանտարկյալների վերաբերյալ հարցին` Թրամփը նրանց անվանեց բանակցությունների հաղթողներից մեկը և հավելեց, որ առայժմ խոսք չկա ԿԺԴՀ-ի պատժամիջոցների հանման մասին, դա կարվի, երբ Հյուսիսային Կորեան կներկայացնի միջուկազերծման ապացույցներ: Նա նաև ասաց, որ Կիմ Չեն Ինին խորհուրդ է տվել զարգացնել զբոսաշրջային բիզնեսը: «Ես տեսել եմ հիանալի լողափեր [Հյուսիսային Կորեայի զորավարժությունների տեսաֆիլմերում]: Ես նրանց ասացի, որ այնտեղ կարելի է կառուցել աշխարհի լավագույն հյուրանոցները»` հայտարարեց Թրամփը:
BBC


Հ.Գ. Հունիսի 12-ի Սինգապուրի հանդիպումը, իհարկե, պատմական է: Թեկուզ այնքանով, որ կայացավ` ոչ ոք դուռը չշրխկացրեց ու մյուսին դավաճանության մեջ չմեղադրեց: Թրամփն ու Կիմ Չեն Ինը անհավանական հաջողության մասին են խոսում և դա այնքան էլ մեծ չափազանցություն չէ: Իրոք կարող է հաջողությունը անհավանական դառնալ: Հարցը մեկն է` իսկ կկատարվե՞ն համաձայնությունները: Նախկինում էլ եղել են հայտարարություններ` մենք ուզում ենք միջուկազերծ թերակղզի, մենք ուզում ենք տնտեսական կապերն ամրապնդել, մենք ուզում ենք խաղաղ ու բարգավաճող Ասիա: Սատանան մանրամասների մեջ է, որոնց մեջ խորանալու ժամանակ Դոնալդ Թրամփը չի ունեցել: Դիվանագիտության պատմության մեջ եղել են և երկու Կորեաների նախագահների հանդիպումներ, և ԱՄՆ պետքարտուղարի ու Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների հանդիպումներ ու պայմանավորվածություններ: Ամեն ինչ սկսել է փլուզվել, երբ պայմանավորվածությունները փորձել են կյանքի կոչել: Չի բացառվում, որ հետագայում ԱՄՆ-ը մեղադրի ԿԺԴՀ-ին խոստումները չկատարելու մեջ, իսկ Փխենյանը հայտարարի, որ չստացավ իրեն խոստացվածը: ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի հետ արդեն ունեցել է մեծ համաձայնագիր, նույնիսկ որոշակի առաջընթաց, իսկ հետո իրավիճակն ավելի է վատացել: Կարող է և ամեն ինչ ստացվել: Կիմ Չեն Ինը Արևմուտքի նկատմամբ նորմալ վերաբերմունք ունի և կարող է նախորդներից այլ վարքագիծ դրսևորել: Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները նախկինների համեմատ շատ ավելի կոշտ են և այդ պատժամիջոցներից օր առաջ ազատվելը Փխենյանի գերխնդիրն է: Չինաստանն ու Ռուսաստանը մեծ վախ ունեն, որ Թրամփը, ինչպես ՄԱԿ-ի ամբիոնից էր հայտարարել, կարող է պատերազմ սկսել Հյուսիսային Կորեայի հետ և համակողմանի ճնշում էին գործադրում, որ կողմերը ինչ-որ համաձայնության հանգեն: ՌԴ ԱԳ նախարարը մեկնեց Փխենյան ու իր խոսքով շատ հաջող հանդիպում ունեցավ Կիմ Չեն Ինի հետ ու նրան Մոսկվա հրավիրեց:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2176

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ